Աքսելերատոր#5 vol. 2
Կանայք և աղջիկներ (15+)
Ուրախ ենք տեղեկացնել, որ արդեն երկրորդ անգամ մեկնարկում է Աքսելերատոր #5 ծրագիրը։ Աքսելերատոր #5-ն իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի ImpactAIM աքսելերատորի, Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի (ԻԼՏԿ հիմնադրամ), Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (EIF), Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնի (AITC), Հայաստանի ԿԶՆ նորարարության ազգային լաբորատորիայի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ:
Ու՞մ համար է
ԱՔՍ#5 for Women and Girlz (15+) - ծրագրի շրջանակներում 15 տարեկանից բարձր աղջիկները և կանայք հնարավորություն կունենան մասնակցելու տեխնոլոգիական և բիզնես ուղղվածության գործնական դասընթացների, հանդիպելու ոլորտի փորձագետների հետ, ձեռնարկատրիական ուղղվածությամբ դասընթացների ընթացքում զարգացնել իրենց սեփական գաղափարները՝ վերջիններս ներկայացնելով հեքըթոնի և մի շարք այլ միջոցառումների ժամանակ: Ծրագիրը տեղի կունենա Երևանում՝ Ինովացիոն տեխնոլոգիաների և լուծումների կենտրոնում և բաց է Հայաստանի բոլոր մարզերի մասնակիցների համար։ Ծրագիրը կմեկնարկի 2 զուգահեռ խմբերով։ Յուրաքանչյուր խմբում ներգրավված կլինեն առավելագույնը 15 մասնակից։ Հայտադիմումները լրացնելուց հետո դիմորդները կմասնակցեն հարցազրույցի, որի արդյունքում յուրաքանչյուր մասնակից հնարավորություն կունենա ընտրելու 2 խմբերից որևէ մեկը։
Ե՞րբ և Որտե՞ղ
Ծրագիրը կտևի 20 շաբաթ և տեղի կունենա Երևանում։ Դասերը տեղի կունենան շաբաթական 2-3 անգամ Երևանում՝ Ինովացիոն տեխնոլոգիաների և լուծումների կենտրոնում։
Ընտրված խմբերը պետք է ընտրեն հետևյալ ուղղություններից որևիցե մեկը․
ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԽՈՒՄԲ
Այս խումբը նախատեսված է սկսնակների համար, և այն թույլ կտա սովորել ծրագրավորման հիմունքներ՝ առանց նախնական որևէ գիտելիքների: Այստեղ մասնակիցները հնարավորություն կունենան սովորելու ծրագրավորման հիմունքներ, որի համար հարկավոր է ունենալ մինիմալ համակարգչային հմտություններ։ Գործնական պարապմունքների միջոցով մասնակիցները կկարողանան հասկանալ կոդավորման տրամաբանությունը՝ օգտվելով այնպիսի հանրահայտ կոդավորման լեզուներից, ինչպիսիք են HTML-ը և CSS-ը, JavaScript-ը։
ԲԻԶՆԵՍ ԽՈՒՄԲ
Բիզնես խումբը նախատեսված է նրանց համար, ովքեր ցանկանում են ստանալ բիզնեսի կառավարման մասին ընդհանուր գիտելիքներ, որոնք անհրաժեշտ են բիզնեսը առավել հաջողակ դարձնելու համար։ Այն նաև հնարավորություն կտա սովորել շուկայաբանություն և վեբ-դիզայն։
ՀԵՔԸԹՈՆ
11-րդ շաբաթվա ընթացքում ծրագրի բոլոր մասնակիցները հնարավորություն կստանան մասնակցելու Հեքըթոնի, որի ընթացքում կաշխատեն սեփական գաղափարների զարգացման և թիմերի ձևավորման շուրջ։ Հեքըթոնից անմիջապես հետո հաջողած ստարտափները կներառվեն Ձեռներեցության մոդուլում։
ՁԵՌՆԵՐԵՑՈՒԹՅԱՆ ՄՈԴՈՒԼ
11-րդ շաբաթից հետո մասնակիցները կմասնակցեն Աքսելերատոր #5-ի 2-րդ հիմնական փուլին: Այն բաղկացած է 10 շաբաթյա աշխատարաններից և հանդիպումներից ոլորտի լավագույն մասնագետների հետ, ինչը կօգնի մասնակիցներին ձևավորել ձեռներեցության ունակություններ սեփական գաղափարների շուրջ։
ՇԱԲԱԹԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
Սեմինարները ներառում են փորձառու մասնագետների հետ քննարկումներ, ովքեր կօգնեն առավել ճշտգրիտ պատկերացում կազմել ուսումնասիրվող թեմաների շուրջ և կկիսվեն իրենց անձնական փորձով։
ՀԱՐՑ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆ
Հանդիպման երկրորդ հատվածում մասնակիցները հնարավորություն կստանան մասնագետներին ուղղել իրենց հարցերը քննարկվող թեմայի վերաբերյալ։
ՀԱՆՁՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Յուրաքանչյուր դասից հետո մասնակիցները կստանան տնային հանձնարաություններ, որոնք պետք է կատարեն մինչև մյուս դասը։ Յուրաքանչյուր առաջադրանք հիմնված կլինի շաբաթվա դասի թեմայի վրա:
ՔՆՆԱՐԿՄԱՆ ԺԱՄԵՐ
Քննարկման ժամերը հնարավորություն են տալիս մասնակիցներին զրուցել ծրագրի կազմակերպչական թիմի և դասընթացավարների հետ` 20-30 րոպե՝ քննարկելու իրենց ուսումնական ընթացքին առնչվող խնդիրները և դրանց զարգացման հետ կապված բոլոր հարցերը:
Ծրագիրը մասամբ կհոգա տրանսպորտի ծախսերը։
Ծրագրին մասնակցությունը անվճար է և առաջնահերթությունը տրվելու է սոցիալապես խոցելի խմբի անդամներին։
Հայաստանի մարզերի կանանց և աղջիկներին խորհուրդ է տրվում լրացնել հայտը։